Պիտեր Քերոլ, «Մտքի կառավարում» (հատված Liber MMM-ից)

Մոգությունն էֆեկտիվ աշխատացնելու համար ուշադրությունը կենտրոնացնելու ունակությունը պետք է այն աստիճանի մարզվի, որ միտքը կարողանա տրանսանման վիճակ մտնել: Դրան հասնելու համար պետք է անցնել որոշ փուլերով. մարմնի բացարձակ անշարժություն, շնչառության կարգավորում, մտքերը կանգնեցնել, կենտրոնացում ձայնի վրա, կենտրոնացում օբյեկտների վրա ու կենտրոնացում մտավոր պատկերների վրա:

«Անշարժություն»

Մարմինը բերեք հարմարավետ դիրքի ու փորձեք որքան հնարավոր է՝ երկար մնալ այդ դիրքում: Փորձեք չթարթել, ընդհանրապես չշարժել լեզուն, մատները կամ մարմնի այլ մաս: Թույլ մի տվեք, որ միտքը հեռու թափառի, ավելի լավ է՝ պասիվորեն դիտեք ինքներդ ձեզ: Ինչը սկզբում հարմարավետ դիրք էր թվում, կարող է ժամանակի հետ տառապալի դառնալ, բայց դիմացեք: Ամեն օր ժամանակ առանձնացրեք այս պրակտիկայի համար, փորձեք օգտվել անշարժության վիճակը մարզելու ամեն հնարավորությունից, որ կհայտնվի:

Արդյունքները գրանցեք օրագրում: Հինգ րոպեից պակաս տևողությունը բավարար արդյունք չի: Երբ կարողանաք պրակտիկայի տևողությունը հասցնել տասնհինգ րոպեի, անցեք շնչառության կարգավորմանը:

«Շնչառություն»

Հնարավորինս անշարժ դիրք պահպանեք ու շնչառությունը նպատակայնորեն դարձրեք ավելի ու ավելի դանդաղ ու խորը: Նպատակը թոքերի ամբողջ պարունակությունն օգտագործելն է, բայց առանց ավելորդ մկանային ջանքների ու լարվածության: Ցիկլը երկարացնելու նպատակով թոքերը ներշնչման ու արտաշնչման արանքում կարելի է լիքը կամ դատարկ պահել: Կարևորն այն է, որ միտքն իր ողջ ուշադրությունն ուղղի շնչառական ցիկլի վրա: Երբ կարողանաք սրա տևողությունը հասցնել կես ժամի, անցեք չմտածելուն:

«Չմտածել»

Չնայած անշարժության ու շնչառական վարժությունները դրական են ազդում առողջության վրա, մեր ոլորտի համար նրանց միակ արժեքը «չմտածելու» վիճակի՝ տրանսի նախերգանքի համար նախապատրաստում լինելն է:

Քանի դեռ անշարժ եք ու խորն եք շնչում, փորձեք մտավոր հեռացնել առաջացող բոլոր մտքերը: Երբ փորձեք սա անել, կհայտնաբերեք, որ միտքն ակտիվ գործունեության փոթորիկի մեջ է: Միայն նպատակաուղղված աշխատանքով կարելի է մտավոր լռության մի քանի վայրկյան վաստակել, բայց սա էլ է մեծ հաղթանակ: Զգոն եղեք առաջացող մտքերի նկատմամբ ու փորձեք «չմտածելու» շրջաններն ընդարձակել:

Ինչպես ֆիզիկական անշարժությունը, «մտավոր անշարժությունը» պետք է մարզել ինչպես համակարգված կերպով, այնպես էլ ամեն առաջացած հնարավորության դեպքում: Արդյունքները՝ գրանցել օրագրում:

«Մոգական տրանս»

Մոգությունը գիտություն ու արվեստ է կամքին համաձայն փոփոխություններ առաջացնելու մասին: Կամքը մոգական առումով էֆեկտիվություն է ձեռք բերում միայն այն ժամանակ, երբ միտքը կենտրոնացած է ու չի միջամտում կամքի աշխատանքին: Միտքը պետք է նախ կարգի բերի ինքն իրեն ու սովորի կենտրոնացնել ամբողջ ուշադրությունն ինչ-որ անիմաստ ֆենոմենի վրա: Եթե փորձ արվի կենտրոնանալ ցանկության ինչ-որ ձևի վրա, ազդեցությունն արդյունքի ձգտելու ցանկության պատճառով «կարճ միացում է տալիս»: Էգոիստական իդենտիֆիկացիան, անհաջողության վախը, ցանկությունը չբավարարելու փոխադարձ ցանկությունը ոչնչացնում են արդյունքը:
Դրա համար էլ, երբ կենտրոնացման թեմաներ եք ընտրում, ընտրեք թեմաներ, որոնք հոգևոր, էգոիստական, ինտելլեկտուալ, զգայական կամ օգտակարության նշանակություն չունենան՝ անիմաստ բաներ:

«Կենտրոնացում օբյեկտի վրա»

Չար աչքի մասին լեգենդը բխում է կախարդների սառը, ֆիքսված հայացք ունենալու ունակությունից: Այս ունակությունը կարելի է մարզել ցանկացած օբյեկտի միջոցով՝ պատի վրայի նշան, ինչ-որ հեռու բան, աստղ գիշերային երկնքում՝ ցանկացած բանի: Օբյեկտին բացարձակապես ֆիքսված, չտատանվող հայացքով մի քանի ակնթարթից ավելի երկար դիտելը, դուրս է գալիս, զարմանալիորեն դժվար է. ինչևէ, նրա տևողությունը պետք է երկարացվի մինչև միանգամից մի քանի ժամը: Օբյեկտն աղավաղելու աչքի ամեն փորձին, մտածելու ուրիշ բան փնտրելու մտքի ամեն փորձին պետք է դիմադրել: Արդյունքում այս տեխնիկայով տարբեր բաներից կարելի է օկուլտային գաղտնիքներ կորզել, բայց ունակությունը պետք է մշակել անիմաստ օբյեկտների հետ աշխատելով:

«Կենտրոնացում ձայնի վրա»

Մտքի այն մասը, որտեղ ծագում են բանավոր մտքերը, մոգական կառավարման է ենթարկվում երևակայության միջոցով մտովի պատկերված ձայների վրա կենտրոնանալու միջոցով: Ընտրվում է մեկ կամ ավելի վանկեր ունեցող կամայական պարզ ձայն, օրինակ՝ «օմ», «աբրահադաբրա», «յոդ հե վաու հե», «օմ մանի պադմե հում», «զազաս զազաս նասատանադա զազաս»: Ընտրված ձայնը մտովի կրկնվում է նորից ու նորից, որպեսզի արգելափակի մնացած բոլոր մտքերը: Անկախ նրանից, թե որքան անհամապատասխան կթվա ձայնի ընտրությունը, պետք է համառեք նրա հետ: Արդյունքում նույնիսկ կարող է թվալ, որ ձայնն ինքն իրեն ինքնաբերաբար կրկնում է ու կարող է հանդիպել նույնիսկ քնի մեջ: Սրանք քաջալերող նշաններ են: Ձայնի վրա կենտրոնացումն ուժի բառերի ու մոգության որոշ ձևերի բանալին է:

«Կենտրոնացում պատկերի վրա»

Մտքի այն մասը, որտեղ ծագում են պատկերային մտքերը, մոգական կառավարման է ենթարկվում պատկերների վրա կենտրոնանալու միջոցով: Ընտրվում է պարզ ուրվագիծ, ինչպիսիք են եռանկյունին, օղակը, խաչը կամ լուսնեղջյուրն, ու որքան կարելի է՝ երկար պահվում մտավոր տեսադաշտում: Միայն ամենանպատակասլաց ջանքերն են, որ հնարավորություն ունեն պատկերացրած ձևը գոնե ինչ-որ ժամանակով պահել: Սկզբում պատկերին պետք է ձգտել փակ աչքերով: Փորձի հետ այն հնարավոր կլինի պրոյեկտել ցանկացած դատարկ մակերևույթի վրա: Այս տեխնիկան հիմք է հանդիսանում սիգիլների միջոցով իրականացվող մոգության ու անկախ մտավոր ձևերի ստեղծման համար:

Մոգական տրանսի հասնելու երեք մեթոդներն արդյունքներ կբերեն միայն այն դեպքում, եթե իրականացվեն ամենաֆանատիկ ու հիվանդագին հետևողականությամբ: Այս ունակությունները խիստ աննորմալ են ու սովորաբար անհասանելի են մարդկային գիտակցությանը, քանի որ այդպիսի անմարդկային կենտրոնացում են պահանջում, բայց պարգևն էլ բավականաչափ լավն է: Օրագրի մեջ գրանցեք ամենօրյա պարտադիր աշխատանքն ու լրացուցիչ հնարավորությունները, որ օգտագործվել են: Ոչ մի էջ չպետք է դատարկ մնա:

«Մետամորֆոզ»

Մտքի փոխակերպումը մոգական գիտակցության հաճախ անվանել են Մեծ Աշխատանք: Այն հեռու գնացող նպատակ ունի, որն ի վերջո ուղղորդում է դեպի Իրական Կամքի հայտնաբերումը: Սեփական եսը փոփոխելու նույնիսկ թեթև ունակությունն ավելի արժեքավոր է, քան արտաքին տիեզերքի նկատմամբ ցանկացած իշխանություն: Մետամորֆոզը մտքի կամային վերակազմավորման վարժություն է:
Միտքը վերակազմավորելու բոլոր փորձերն ենթադրում են երկակիություն  ներկայից ու ցանկալի վիճակների միջև: Ահա թե ինչու անհնարին է կուլտիվացնել այնպիսի արժանիքներ, ինչպիսիք են ինքնաբխությունն, ուրախությունը, աստվածավախ հպարտությունը, ողորմածությունը կամ ամենազորությունն առանց ընթացքում ավելի շատ պայմանականության, ափսոսանքի, ինքնամեղադրանքի, մեղքի ու անզորության մեջ ընկնելու: Կրոնները կառուցված են մոլորության վրա, որ մեկը կարող է կամ պետք է ունենա մի կողմն առանց մյուսի: Բարձր մոգությունը գիտակցում է երկակի վիճակը, բայց նշանակություն չի տալիս, կյանքը դառնաքաղցր է, թե քաղցր ու թթու. այն ավելի շուտ ձգտում է հասնել ցանկացած կամայական վիճակի, հենց կամենա:
Մտքի ցանկացած վիճակ կարող է կամայականորեն ընտրվել որպես տրանսմուտացիայի նպատակ, բայց տրվածները յուրահատուկ արժանիք ունեն: Առաջինը հակաթույն է մոգական տրանսի անհավասարակշռության ու հնարավոր խելագարության դեմ: Երկրորդը հատուկ մոգական պրակտիկաների նկատմամբ մտասևեռման դեմ է: Ահա նրանք.
  1. Ծիծաղ/Ծիծաղ
  2. Չկապվածություն/Չանհետաքրքրվածություն
Մտքի այս վիճակներին հասնելն իրականացվում է ընթացիկ մեդիտացիայի միջոցով: Մեկը փորձում է ամեն հնարավոր պահի մտնել վիճակի ոգու մեջ ու մնացած ժամանակը մտածել պահանջված արդյունքի մասին: Այս եղանակով կարելի է նոր ուժեղ մտավոր սովորության հիմք դնել:

Դիտարկեք ծիծաղն. այն ամենաբարձր զգացմունքն է, քանի որ կարող է իր մեջ պարունակել մնացած բոլորը՝ երանությունից մինչև սուգ: Այն հակառակ չունի: Լացն ընդամենը նրա թերզարգացած ձև է, որ մաքրում է աչքերն ու օգնություն կանչում մանուկների դեպքում: Ծիծաղը տիեզերքի միակ կայուն տրամաբանական վերաբերմունքն է, որն իր էությամբ ինքն իր նկատմամբ կատակ է հանդիսանում:

Հնարքը կայանում է նրանում, որ պետք է տեսնել այդ կատակը, նույնիսկ եթե այն շրջապատող իրադարձությունները չեզոք կամ զզվելի են: Մենք չենք, որ պետք է քննարկենք տիեզերքի ակնհայտ անճաշակությունը: Փնտրեք ծիծաղի զգացմունքն այն ամենի մեջ, ինչ հաճելի է ու հիացմունք է առաջացնում, փնտրեք այն ամենի մեջ, ինչ չեզոք է ու անիմաստ, փնտրեք այն նույնիսք այն ամենի մեջ, ինչ սարսափելի է ու զզվելի: Միգուցե դա սկզբում հարկադրված լինի, բայց մարդ արարածն ի վիճակի է սովորել ներքուստ ժպտալ ամեն ինչի վրա:

Չկապվածության/չանհետաքրքրվածությունն առավել լավ է նկարագրում առանց արդյունք բաղձալու գործելու վիճակը: Մարդկանց համար շատ դժվար է ինչ-որ բան որոշել ու անել դա զուտ անելու համար:

Comments

Popular posts from this blog

Ռունաներ, մաս I. Ծագումն ու առաջին աեթը

Մեռելների աշխարհն ացտեկների մոտ. Միկտլան, Միկտլանտեկուտլի