Մեռելների աշխարհն ացտեկների մոտ. Միկտլան, Միկտլանտեկուտլի

Միկտլանտեկուտլի աստծո կավե արձան
գտնվել է Տենոչտիտլանի Մեծ տաճարի
«Արծիվների Տան» պեղումների ժամանակ
Ացտեկների հավատալիքներում նույնպես գոյություն ունի մեռելների աշխարհ՝ տեղ, որտեղ բնակվում են մահացած մարդիկ: Այն կոչվում է Միկտլան՝ ստորերկրյա աշխարհի իններորդ, ստորին մակարդակը, որտեղ իշխում են Միկտլանտեկուտլի ([miktɬaːnˈtekʷtɬi]) ու Միկտեյկասսիվաալ աստվածությունները՝ մահվան տիրակալն ու տիրուհին:

«Միկտլանտեկուտլի» թարգմանաբար նշանակում է հենց «Միկտլանի տիրակալ»: Նրան պատկերում էին մարդկային ոսկորներով ծածկված մարմնով:

Դեմքի վրա նա կրում է մարդկային գանգի ձևով դիմակ, մազերը գանգուր են, հաճախ ծածկված աստղաձև աչքերով, քանի որ այս աստվածն ապրում է լիակատար մթության տիրույթում: Միկտլանտեկուտլին թղթե ծաղկաձև զարդեր է կրում. մեկը ճակատին (ixcochtechimalli), մյուսը՝ վզի ետևի կողմից (cuechcochtechimdli):
Ացտեկական ասքերում Միկտլանտեկուտլին հաճախ պատկերվում է որպես աստվածների նախորդ սերնդի ոսկորների պահապան. երբ Կեցելկոատլը որոշում է ստեղծել մարդկանց, նա այդ նպատակով փորձում է գողանալ այդ ոսկորները: Միկտլանտեկուտլին նրան խանգարում է, ինչի պատճառով ոսկորներն ընկնում են գետնին ու փշրվում: Հետագայում Կեցելկոատլը դրանցից ստեղծում է մարդկանց բոլոր ռասաները:

Ըստ ացտեկական օրացույցի, Միկտլանտեկուտլին Իցկուինտլի (շուն) օրանիշի աստվածն է (ացտեկական օրացույցը պարունակում է քսան այդպիսի օրանիշ): Նրան են վերագրում այդ օրը ծնված մարդկանց հոգիներ մատակարարելը: 13 օրանոց ացտեկական շաբաթվա վեցերորդ օրը ծնված մարդիկ իրենց հոգիները ստանում էին նրանից:

Միկտլանտեկուտլիի կենդանիներն են. չղջիկը, սարդը, բուն (տեոկոլոտլ, գույժերի թռչուն, որի երգը գիշերը լսելը մահվան նախանշան է):

Մահվանից հետո Միկտլան են գնում բոլոր մարդիկ, բացի ճակատամարտում մահացած ռազմիկներից, կայծակնահարներից ու ծննդաբերելիս մահացած կանանցից: Վերջիններս կոչվում են Սիհուատետեո, բառացիորեն՝ «աստվածուհիներ», որոնց ացտեկական դիցաբանության մեջ վերաբերվում են ինչպես մահացած մարտիկների, քանի որ ծննդաբերությանը ացտեկների մոտ ուներ ճակատամարտի տեսակի կարգավիճակ:
Զոլոտլ
Սիհուատետեոներն ուղեկցում են մայր մտնող արևին, իսկ գիշերները խաչմերուկներում երեխաներ են գողանում ու մարդկանց պատժում խելագարությամբ, երբեմն գայթակղում են տղամարդկանց:

Միկտլան ճանապարհորդությունը դժվար է ու վտանգավոր. այն տևում է չորս տարի: Որոշ լեգենդներում նրանց ճանապարհին օգնում է Կեցելկոատլի երկվորյակ եղբայրը՝ կայծակի ու անհաջողության աստված Զոլոտլը:

Ացտեկների դիցաբանության մեջ բացի ստորերկրյա աշխարհից կա նաև դրախտային աշխարհ, որն իր հերթին բաժանվում է տասներեք մակարդակների: Ճակատամարտում զոհված մարտիկներն ուղևորվում են այնտեղ, ոչ թե Միկտլան:

Comments

Popular posts from this blog

Ռունաներ, մաս I. Ծագումն ու առաջին աեթը

Պիտեր Քերոլ, «Մտքի կառավարում» (հատված Liber MMM-ից)