Կրոուլիի անեկդոտը

Արա, ինչ Կամենում ես՝ կլինի ողջ Օրենքը:
Ալիստեր Կրոուլին մի անեկդոտ էր պատմում որն, իր պնդմամբ, ճիշտ հասկանալու դեպքում կբացատրի մոգության էությունը:

Երկու մարդ նստած են գնացքի նույն կուպեում: Իրար ընդհանրապես չեն ճանաչում: Պարզապես այնպես է ստացվել, լրիվ պատահաբար, որ նույն ուղերթի վրա են հայտնվել: Մարդկանցից մեկի ծնկներին ստվարաթղթե արկղ է, որի վերևում ծակեր են արված:

Անգլիայում, նամանավանդ վիկտորիական շրջանում, խիստ անքաղաքավարի էր համարվում գնացքով ուղևորության ժամանակ անծանոթ մարդու հետ խոսելը: Բայց, որոշ ժամանակ անց, երկրորդ մարդն արդեն չի կարողանում հաղթահարել իր հետաքրքրասիրությունը:

- Ներեցեք, պարոն,- ասում է նա,- բայց չէի կարող չնկատել ձեր տուփը: Նրա մեջ ինչ-որ կենդանի՞ է:

Մյուս պարոնն, իհարկե, զարմանում է այդ հանկարծակի հարցից, բայց քաղաքավարորեն ժպտում է ու պատասխանում.

- Դուք լրիվ ճիշտ եք: Տուփի մեջ իսկապես կենդանի արարած է: Կարող եմ ասել ավելին՝ այդ կենդանին մանգուս է:

Մարդն, ով սկսել էր հարցուփորձը, զարմանում է: Նա ցանկանում է էլի բացատրություններ ստանալ:

- Մանգու՞ս: Պարոն, պետք է խոստովանեմ՝ ես սպասում էի, որ միգուցե կատու լինի, կամ ճագար, բայց ոչ այդքան էկզոտիկ ու հազվագյուտ արարած: Ձեր նշած կենդանին այնքան է գրգռել իմ հետաքրքրությունը, որ խնդրում եմ՝ պատմեք ավելին: Որտե՞ղ եք գնում այսպիսի կենդանու հետ, եթե կներեք համարձակությունս:

Մյուս մարդը, որը նստած է՝ ծակծկված տուփն իր ծնկներին, հոգնած թոթվում է ուսերն ու պատասխանում.

- Դե, սա անձնական հարց է, որը կապված է ընտանեկան ողբերգության հետ: Ինչևէ, քանի որ ես համոզված եմ, որ կարող եմ հույսս դնել ձեր գաղտնապահության վրա, դեմ չեմ իմ դժբախտության մասին ձեզ պատմելուն:

- Հասկանու՞մ եք,- շարունակում է նա,- այս տխուր պատմությունը կապված է իմ ավագ եղբոր հետ: Նա միշտ եղել է, կարծում եմ, «ընտանիքի սև ոչխարը»: Տարիներով տրվել է կանխատեսելի ու տարածված չարիքների, որոնցից ամենավատը նրա սերն է ուժեղ ոգելից խմիչքների նկատմամբ: Եղբորս խմելը հասավ նրան, որ նա հիմա delirium tremens-ի վերջնական շրջանում է: Եղբայրս ամեն տեղ օձեր է տեսնում, ահա թե ինչու եմ ես նրան այս մանգուսը տանում՝ որ օգնի նրան ազատվել օձերից:

- Ներեցեք,- միջամտում է մյուս մարդը շփոթված հայացքով,- բայց օձերը, որոնք տեսնում է ձեր եղբայրը... դրանք երևակայական օձեր են, այդպես չէ՞:

- Իսկապես,- պատասխանում է մանգուսով պարոնը:- Բայց սա,- ու նա խորիմաստ հայացքով ցույց է տալիս ծակծկված արկղը,- երևակայական մանգուս է:

Comments

Popular posts from this blog

Ռունաներ, մաս I. Ծագումն ու առաջին աեթը

Մեռելների աշխարհն ացտեկների մոտ. Միկտլան, Միկտլանտեկուտլի

Պիտեր Քերոլ, «Մտքի կառավարում» (հատված Liber MMM-ից)